Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Օրակարգում դրված թեման կոչվում էր «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։ 

Բացման խոսքով հանդես եկավ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործեց ցեղասպանություն բառը։

«Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ եւ Բունդեսթագի հյուրերին, որոնք առաջին անգամ են Բունդեսթագում, եւ որոնց հրավիրել ենք նիստի առաջին կետի քննարկումների համար։ Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում պատմական դեպքերի վրա, որոնք  հետեւանքներ  թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հետագա հարաբերությունների վրա։

Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։ Այն  բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական եւ կրոնական խմբի ոչնչացում ։

Դա այն է, ինչ  տեղի ունեցավ ողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր։

Եվ դա վերջինը չէր  20-րդ դարում։ Մեր պարտավորությունն է պատասխանատվություն  կրել։ Գերմանացիները իրենց  սեփական փորձից մյուսներին կոչ են անում սեփական պատմությանն առերեսվել, եթե անգամ  դա ցավալի է։ Դա հայ եւ թուրք ազգերի հաշտեցման  պայմանն է։ Դրանում իրենց մեղքի բաժինն ունեցան գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը  մարդկային կյանքերից վեր դասեցին։

Պատմությունը հարկադրում է հիշել պատմական փաստերը։  Անխուսափելի է, որ ոչ մի իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ զոհերի սերունդները արդարություն են պահանջում՝  հիշելով, թե ինչ է իրականում կատարվել։ Այսօրվա Թուրքիան պատասխանատու չէ 100 տարի առաջ կատարվածի համար, սակայն նա կրում է դրա հետեւանքների պատասխանատվությունը, ինչ դրա հետեւանքն է։

Ամենից առաջ նշեմ, որ սակայն եղել են շատ խիզախ քրդեր եւ թուրքեր, որոնք կանգնեցին հայերի կողքին՝ պատմության այս էջը փակելու համար։ Դրանց թվում են գրողներ, լրագրողներ, քաղաքապետեր, կրոնական առաջնորդներ։ Նշեմ գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, Հրանտ Դինքին, որն իր  կյանքով վճարեց պատմական ճշմարտությունն ասելու համար։ Դրան մարդիկ են, որոնք վաստակել են մեր աջակցությունը։ Սրանով մենք ուզում ենք սկսել մեր այսօրվա քննարկումները»,- հայտարարեց Բունդեսթագի խոսնակը։