Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին ցավակցություններն է հայտնել հայ ժողովրդին զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է IrishTimes-ը։

Երեւանում կայացած սգո արարողություններին Իռլանդիան ներկայացրել է դեսպան Ջոն Բիգգարը (նստավայրը Բուլղարիայում)։

Վարչապետ Քեննին պատասխանել է հայազգի Փոլ Մանուկի նամակին, որը Իռլանդիայում հայկական եկեղեցու սպասավոր է։ Մանուկն ինքը Ցեղասպանության ժամանակ կորցրել է պապուն։

Փոլ Մանուկը վարչապետին հրավիրել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցվելու է Դուբլինի արվարձան Դանդրումի եկեղեցում։

Քեննին նշել է, թե այցելել չի կարող, սակայն ցավակցություններ է հայտնել «սարսափելի տառապանքների եւ կորուստների կապակցությամբ, որ հայերը կրել են 100 տարի առաջ»։

«Իռլանդիայում մենք լավ գիտենք, թե որքան բարդ է նայել անցյալին՝ հաշտեցման որոնումներում»,- նշել է Քեննին։