Ամերիկյան մի քանի նահանգներ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ բանաձեւ են ընդունել: Այս մասին նշված է Հայ Հադի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Վիսկոնսին նահանգի օրենսդիր մարմնում «1915-1923 թթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր» անվանումով համատեղ բանաձեւ է ընդունվել:

Փենսիլվանիա նահանգի գլխավոր վեհաժողովը միաձայն բանաձեւ է ընդունել, որով այս տարվա ապրիլի 24-ը հռչակվում է «1915-1923 թթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի փենսիլվանյան օր»:

Թեննեսի նահանգի ներկայացուցիչների պալատում նույնպես բանաձեւ է ընդունվել, որով այս տարվա ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օր:

Նյու Յորք նահանգի օրենսդիր ժողովը բանաձեւ է ընդունել «նպատակ ունենալով պայքարել պատմության ժխտողականության՝ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ»։

Դելեվեր նահանգի օրենսդիր ժողովը առաջին անգամ համատեղ բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ որպես միջազգային եւ պատմական նշանակության հարց, որը արդարության եւ ճշմարտության հիման վրա լուծում է պահանջում։

ԱՄՆ Միչիգան նահանգը նույնպես պատմական ճշմարտության վերականգման օգտին է։ Նահանգի ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։