ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերից  պահանջելու են որոշակի քայլեր՝ գուցե հայտարարությունների տեսքով՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որում նրանք նշում են, թե «Հայաստանի ու Ադրբեջանի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար, եւ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմն ամրապնդելու եւ փոխզիջումների պատրաստակամությունն ի ցույց դնելու համար»: Փոխզիջումների պատրաստակամությունն ի ցույց դնել ասելով, ըստ Մելիքյանի, համանախագահները նկատի ունեն, որ օրինակ՝ Ադրբեջանը պետք է  հաստատի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ինքնորոշումը եւ ինքնորոշման ցանկացած տարբերակ: Հայաստանն էլ պետք է ասի, որ պատրաստ է դուրս գալ ԼՂ հարակից տարածքներից: Ինչ վերաբերում է  հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, ապա, ԼՂՀ նախկին ԱԳ նախարարի կարծիքով, դա նշանակում է խուսափել կողմերի միջեւ ցանկացած բախումներից եւ փոխհրաձգություններից,  հատկապես դիպուկահարների պատերազմից:

«Այս ուղղությամբ ով ինչ կարող է անել, դժվար է ասել, որովհետեւ իմ ունեցած տվյալներով, Ադրբեջանը ժամանակին հրաժարվել է դիպուկահարների պատերազմը դադարեցնել»,-հավելեց Մելիքյանը: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նշված հայտարարությանը պետք է հաջորդեն որոշակի կոնկրետ գործողություններ հակամարտության կողմերի կողմից, փորձագետը նշեց. «Հայտարարությունը որոշակի սրություն է մտցնում իրավիճակում եւ այդ սրությունը իրականացվում է միջնորդների կողմից: Սա նշանակում է, որ հայտարարությունը կարող է շարունակություն ունենալ եւ կողմերի վրա կարող են ճնշումներ գործադրվել կոնկրետ հարցերի վերաբերյալ»: Թե հատկապես ինչ տեսք ու բնույթ կունենան այդ –ճնշումները, Մելիքյանը դժվարացավ ասել:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ վերջին պայմանանվորվածությանը, Մելիքյանն ասաց, թե առայժմ այդ պայմանավորվածութունը ստույգ համարել չի կարելի, քանի որ այդ կարգի լրատվության տարածումը արվում է քարոզչական նպատակներով: