RTL TVI հեռուստաալիքով հեռարձակվող «Մենք փոխում ենք աշխարհը» հաղորդման ժամանակ անդրադարձ են կատարել Բելգիայի մայրաքաղաքային շրջանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությանը։ Այս մասին հաղորդում է բելգիական RTL-ը։

Սոցիալիստական կուսակցության հասցեին վերջին օրերին քննադատություն է հնչում Բրյուսելի խորհրդարանում Ցեղասպանության հիշատակի լռության մեկ րոպեի պատճառով։ Հիշատակը նման ձեւակերպմամբ հարգելու պահանջը սկզբում մերժվել էր «տեխնիկական» պատճառներով. սոցիալիստները բացատրել էին, որ օրենսդիր մարմնին առաջարկել են այդ մեկ րոպե լռությամբ հարգել նաեւ Միջերկրական ծովում խորտակված նավի զոհերին։ Ոմանք դրա մեջ թուրք համայնքին չնեղացնելու ջանքեր տեսան։

«Սոցիալիստական կուսակցությունն արդարանում էր, որ իրենք չեն կարող միմյանց հաջորդող 2 լռության րոպե հայտարարել։  Սոցիալիստական կուսակցությունը վստահեցնում է, որ ինքը ժխտողական քաղաքականության հետ կապ չունի։ Եվ վերջապես այս շաբաթ օրը Սոցիալիստական կուսակցության անդամը սոցցանցերում հպարտացել է, որ հաջողվել է խուսափել Հայոց ցեղասպանության հիշատակի լռության մեկ րոպեից։ Այնպես որ նրանք փորձել են խուսափել դրանից զուտ ընտրական պատճառներով։ Պետք է վերջ տրվի աչք փակելուն»,- ասել է լրագրող Նավալ Բենսալեմը։

Հաղորդավար Մաթյե Կոլը նշել է, որ թուրքական ծագմամբ բելգիացի ընտրովի պաշտոնյաների հետ ակնահայտորեն խնդիր կա։ «Ըստ իս դա իրական սկանդալ է»,- հավելել է լրագրող Էմանուել Փրաթը։

Սոցիալիստ այդ պատգամավորին կհրավիրեն կուսակցական մարմին։ Իսկ որպեսզի վեճերը դադարեն, Սոցիալիստական կուսակցությունը հայտարարություն կանի, որով կնշի, որ կատարվածն իրոք ցեղասպանություն էր։ Սակայն Կոլը ամեն դեպքում ընդգծել է, որ հարց է առաջանում, թե ինչպես կարող է կուսակցությունը իր շարքերում պահել մարդկանց, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը։