Հրազդանի ցեմենտի գործարանը վերագործարկվել է: «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց գործարանի ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը: Ապրիլի 26-28-ին Երեւանում անցկացված ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:

Նախկինում «Միկա Լիմիթեդ» հոլդինգի կազմում ընդգրկված գործարանը անցել էր «ՎՏԲ - Հայաստան» բանկի կառավարմանը: Գործարանում հաջողվել է պահպանել աշխատակազմի նախկին թիվը՝ 400-500 մարդ, եւ մարել աշխատավարձերի պարտքերը: «Արդեն ավարտում ենք մարտի աշխատավարձի վճարումը եւ անցնելու ենք ապրիլին»,- հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ, ցավոք, գործարանն այժմ տարեկան միայն մի քանի ամիս է աշխատում՝ տեղական շուկայի սահմանափակության պատճառով:

Գործարանն արդեն բանակցություններ է վարել Հայաստանում ցեմենտի հիմնական պատվիրատուի՝ իսպանական Corsan Corviam ընկերության հետ, որը կառուցում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին:

Անցյալ տարի Corsan Corviam-ը, Մարտիրոսյանի խոսքով, արտերկրում անալիզի է ենթարկել գործարանի ցեմենտն ու այն չափանիշներին համապատասխան հայտարարել: