Հայաստանում կանաչ ձիթապտղի արտադրության փոքրիկ ձեռնարկություն է բացվել: Հայաստանի Ֆինանսների նախարարության կազմակերպած՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ընթացքում այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Վիվա Ֆրութ» ընկերության տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը:

Ընկերությունը աջակցություն է ստացել USAID-ի «3 Generations» ծրագրից՝ ուղղված գյուղական համայնքներում բարձրորակ արտադրանքի զարգացմանը:

Ընկերությունը որոշել է Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն գյուղում վերածնել ձիթենու այգիները: Այն ժամանակ դրանք 150-200 հեկտար էին, հիմա՝ շուրջ 50: «Հիմա նոր այգիներ ենք հիմնում, ես նույնպես մեկ հեկտար տնկել եմ: Իհարկե, ձիթապտղի ծառերը ուշ են բերք տալիս՝ 6-7 տարի անց, բայց եւ երկար են ապրում: Իսկ մենք մեր հողի վրա ենք աշխատում եւ կսպասենք»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Հարցին, կհաջողվի՞ նորմալ ոռոգում ապահովել, քանի որ ձիթենիներն այդ հարցում չափազանց պահանջկոտ է, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոռոգման առումով դժվարին վայրերում այգիներ չկան:

Ձիթենիների տնկիներն իր հետ Բագրատաշեն է բերել գյուղի հիմնադիրը՝ Բագրատ Վարդանյանը, ով 1936 թվականին այստեղ է փոխադրվել Արարատյան դաշտից: Իսկ Արարատ է հասել Արեւմտյան Հայաստանից. փրկվելով՝ նա որոշել է փրկել նաեւ ձիթենիների տնկիները:

Ընկերությունն առաջին արտադրանքը թողարկել է 2014 թվականի բերքից: Արտադրանքի ծավալներն առայժմ բավական փոքր են, այդ պատճառով ամբողջությամբ տեղական շուկայում են իրացվում:

Ի տարբերություն ներկրված ձիթապտղի՝ տեղականը փոքր-ինչ թանկ է: «Բայց հույս ունեմ, որ համը մեզ կօգնի դիմանալ մրցակցությանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը: