Տոկիոյի «Ափլինք» կինոսրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 25-ից 27-ը անցկացվեցին ֆիլմերի ցուցադրման երեկոներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երեկոների ընթացքում ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Գոռ Բաղդասարյանի «Հարեւաններ» ֆիլմերը:

Ցուցադրություններին ներկա էին հարյուրավոր ճապոնացիներ, այդ թվում՝ գիտնականներ, պատմաբաններ, արվեստասերներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

Երեկոների մեկնարկին ճապոնացի կինոքննադատ եւ պրոդյուսեր Չիսեկո Տանական հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմերը: Նույն օրերին ճապոնական «Բնություն եւ մարդկություն» ամսագրում հրապարակվեց Չիսեկո Տանակայի հոդվածը՝ «Ցեղասպանությունից 100 տարի անց. ֆիլմերի միջոցով մոտենալ Հայաստանի իրականությանը» վերնագրով: