Այն ինչ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի ընտրական օրենսգրքով, կատարվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգային դիտորդ, Մերձդնեստրի մոլդովական հանրապետության Գերագույն խորհրդի՝ օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն՝ անդրադառնալով ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունների ընթացքին։ (ֆոտոռեպորտաժ)

«Մենք արդեն այցելել ենք երկու ընտրատեղամաս եւ որեւէ խախտում չենք նկատել։ Մարդիկ առավոտից գալիս են քվեարկության։ Ընտրողների շրջանում կա ակտիվություն եւ ցանկություն՝ քվեարկել ԼՂ ապագայի համար»,-հայտարարել է Դյաչենկոն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Նշենք, որ ընտրական տեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 20.00-ին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am