Մեր առաքելության փորձագետները դրական են գնահատել Ընտրական օրենսգիրքը միջազգային նորմերին համապատասխանեցնելու հարցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության իրականացրած աշխատանքը։ Այս մասին մայիսի 4-ին Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ավարտին հայտարարել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը։

«Մենք կարծում ենք, որ օրենսդրության պահպանումը թույլ է տալիս ժողովրդավար ճանապարհով իրականացնել քաղաքացիների ազատ կամարատահայտումը։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ այսպես կոչված լռության օրը, դիտորդները չեն նկատել քարոզչության դրսեւորումներ։ Ընտրությունների օրը առաքելության դիտորդները այցելել են 52 ընտրատեղամաս»,- հայտարարել է Ցինկերը։

Առաքելության գնահատմամբ՝ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են ժողովրդավար մրցունակ պայքարի պայմաններում, ընտրողների բարձր մասնակցությամբ։ Դրանք համապատասխանում էին հիմնական սկզբունքներին եւ միջազգային իրավունքի պահանջներին։ «Այսուհանդերձ առաքելությունը նշում է ընտրությունների օրը տեղամասերում տեղ գտած մի շարք տեխնիկական բարդություններ, որոնք բարդացրել են քվեարկության վերահսկողության գործընթացը, ինչպես օրինակ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց համար քվեարկության ապահովումը, որոշ տեղամասերի վատ լուսավորվածությունը։ Սակայն չնայած այդ թերություններին, որոնք չեն կարող սասանել հանրապետության քաղաքացիների քվեարկության օրինականությունը, առաքելության դիտորդները վստահ են, որ ընտրություններն անցել են բարեհաջող, իսկ արդյունքների կեղծումներ չեն գրանցվել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները  հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման դրսեւորման ժողովրդավարական ակտ է, որը համապատասխանում է միջազգային նորմերին»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը։

ICES դիտորդական առաքելության կազմում եղել է 10 դիտորդ՝ Բելգիայից, Հունգարիայից, Չեխիայից, Էստոնիայից, Իսրայելից։