ԱՄՆ Քալիֆորնիայի համալսարանի դիտորդները Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների ավարտին հանդես են եկել հայտարարությամբ։

ԱՄՆ-ն, Մեքսիկան եւ Բրազիլիան  ներկայացնող դիտորդները ԼՂՀ ընտրությունները որակել են որպես արդար, թափանցիկ, եւ միջազգային չափանիշներին համապատասխան։

Դիտորդները մի շարք հանդիպումներ են ունեցել կուսակցությունների ներկայացուցիչների ու պաշտոնական անձանց հետ, ինչպես նաեւ այցելել են 16 ընտրատեղամասերը, այդ թվում՝  հանրապետությունում միակ քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։

«Լեռնային Ղարաբաղում ընտրողների եւ տեղամասերի աշխատակիցների՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելը կարող է մրցակցել ցանկացած երկրի հետ»,- հայտարարել է Սանտա Քրուզի շրջանի ներկայացուցիչ Գեյլ Փելերինը։

«Դիտորդները նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղում կանայք ընտրությունների լիիրավ մասնակիցներ են եղել թե՛ որպես ընտրող, թե՛  որպես կուսակցությունների, պաշտոնական անձանց եւ թեկնածուների ներկայացուցիչներ։ Դիտորդների խումբը զեկույց կպատրաստի, որում կներկայացվեն եզրակացություններն ու ընտրական  գործընթացի բարելավման մասին առաջարկները։ Նախնական զեկույցը կպարունակի նաեւ ընտրությունների օրը տեղամասերից բացակայող եւ ընտրատեղամաս հասնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկության այլընտրանքի իրականացման առաջարկներ»,- նշված է հայտարարության մեջ։