Լեռնային Ղարաբաղում ընտրական գործընթացի ընթացքում քվեների մանրամասն եւ ճշգրիտ հաշվարկ է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քալիֆորնիայի Սանտա Քրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Փելերին:

Հիշեցնելով ընտրությունների դիտարկման իր 22-ամյա փորձը, նա արձանագրել է. «Ես տեսա լավ պատրաստված ու կազմակերպված աշխատակիցների, որոնք ներգրավված էին գործընթացում, նաեւ տեղեկացված ընտրողների, ինչը հանգեցրեց 70,6 տոկոս մասնակցության: Ես ականատես եղա արդար, ազատ, ճշգրիտ ընտրությունների Լեռնային Ղարաբաղում, որոնք անցան միջազգային չափանիշներին համապատասխան եւ նման այն ընտրություններին, որոնք անցնում են մեր Սանտա Քրուզ շրջանում»,-ընդգծել է Գեյլ Փելերին:

Նրա խոսքով ԼՂ-ում ընտրություններն անցկացվել են աշխարհի այլ երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 3-ին: