Մասնավոր ոչ առեւտրային նշանակության տրանսֆերտների դինամիկայում բացասական միտումները մարտին շարունակվել են: Հիշեցնենք, որ հունվարին դրամական փոխանցումները Հայաստան նվազել էին տարեկան կտրվածքով 45,4 մլն դոլարով, իսկ փետրվարին՝ 37,7 մլն դոլարով: Մարտին տրանսֆերտների գծով անկումը կրկին մեծացել է՝ հասնելով 41,7 մլն դոլարի:

Թեեւ տրանսֆերտների հոսքը նվազել է բոլոր երկրներից (բացառությամբ ԱՄՆ-ի), այդ ոլորտում կտրուկ անկումը կապված է հենց «ռուսական» տրանսֆերտների հետ: Հունվար-մարտին տրանսֆերտների ընդհանուր թիվը կրճատվել է 124,7 մլն դոլարով (կամ 37,7 տոկոսով), մինչդեռ Ռուսաստանից այդ նվազումը կազմել է 119,3 մլն դոլար (կամ 45,3 տոկոս): Ըստ էության, «ռուսական» տրանսֆերտների հոսքը կրկնակի չափով նվազել է, իսկ ընդհանուր ցուցանիշի մեջ նրանց բաժինը տարեկան կտրվածքով կրճատվել է 10 տոկոսով՝ հասնելով 70 տոկոսի:

Դրա պատճառներն ակնհայտ են՝ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամը, ռուսական ռուբլու փլուզումը (ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունեցել դոլարով փոխանցումների վրա), այդ երկիր աշխատանքային միգրանտների նկատմամբ խիստ սահմանափակումները:

Հավելենք, որ ռուբլով փոխանցումները չեն փրկել այդ գումարներն ստացողներին զգալի վնասից, քանի որ ռուսական արժույթը Հայաստանում տարեկան կտրվածքով արժեզրկվել է մոտ 1,3 անգամ:

Տրանսֆերտների անկումը տեղի է ունենում արտահանման ու ներմուծման ծավալների անկման ֆոնին: Ոչ ամբողջական տվյալների համաձայն, արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական սալդոն (առանց մարդասիրական օգնության) հազել է 0,4 մլրդ դոլարի: Մեկ տարում հայաստանի միջազգային արժութային պահուստները կրճատվել են մոտ 0,48 մլրդ դոլարով՝ հասնելով 1,49 մլրդ դոլարի:

Նշենք, որ Հայաստանի մասնավոր տրանսֆերտների հոսքը հունվար-մարտին կազմել է 76,5 մլն դոլար: Սրան պետք է հավելել մի շարք հայկական ձեռնարկությունների օտարերկրացի սեփականատերերի բազմամիլիոն շահաբաժինները, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին պարտքի (մարտի վերջի դրությամբ այն կազմում է ավելի քան 3,9 մլրդ դոլար) ընթացիկ մարումը: