Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստանում է խստորեն պատժել Ռազմական ակադեմիայի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահման բոլոր մեղավորներին։

Մայիսի 12-ին կայացած ասուլիսում Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ իրենց արձագանքը խիստ էր որոշում էր կայացվել լուրջ կադրային փոփոխությունների եւ հեռացումների մասին։

Նշելով, որ այդ հարցում համագործակցում է իրավապահների հետ՝ նախարարը հավաստիացրել է, թե հետեւողական են լինելու եւ պատժելու են բոլոր մեղավորներին։ «Որեւէ ուժ մեղավորներին չի ազատի պատժից»,- ասել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: