Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ էին մրցակցության առումով. 7 կուսակցություններից 5-ը անցել են Ազգային ժողով։ Այս մասին մայիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղ. ընտրություններ զինադադարի պայմաններում» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունները եղել են բաց, լեգիտիմ եւ թափանցիկ, եւ Հայաստանը Ղարաբաղից սովորելու շատ բան ունի։ «Լեռնային Ղարաբաղի ընտրությունները միշտ անցել են զինադադարի պայմաններում, քանի որ պատերազմական իրավիճակը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Մենք այսօր նույնպես ապրում ենք պատերազմական դրության մեջ»,- արձանագրեց Թեւան Պողոսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ շատ կարեւոր է այն գիտակցությունը, որ ԼՂՀ-ում ցանկացած իշխանություն, պատերազմական իրավիճակի մասին օրենքի համաձայն, կարող էր հրաժարվել ընտրություններից։ «Սակայն Լեռնային Ղարաբաղը ընտրեց ժողովրդավարական պետության ուղին ու գիտակցեց ընտրության գինը»,- ընդգծեց Պողոսյանը եւ հավելեց, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, փորձել է անել հնարավոր ամեն  բան ընտրություններին խոչընդոտելու համար, սակայն նրա սադրանքները անարդյունք են մնացել։ ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը։