Սիսի Կաթողիկոսարանի պատմական կալվածքի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված գործընթացը պատմական եզակի կարեւորություն ունեցող դատ է: Այս մասին, մայիսի 13-ի երեկոյան, ԱՄՆ Նյու Ջերսիի հայ համայնքի շուրջ 100 պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Չմոռանանք, որ 100 տարվա ընթացքում առաջին անգամ մեր եկեղեցին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջոցով իրավական քայլի է դիմում: Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներ դեռ մնում են բռնագրավված ցեղասպան թուրքի կողմից: Խոսքից գործի անցնելով մեր Սուրբ Աթոռը նախաձեռնողը եղավ իրավական քայլի դիմելով:

Բնականաբար դյուրին չէր այս քայլը եւ դյուրին չի լինելու առաջիկա գործընթացը, սակայն, մեր ազգային պահանջատիրության շրջագծում կալվածքների վերադարձը կարեւոր բնագավառ է՝ ուր մենք ահավասիկ փորձում ենք մուտք գործել: Ճի՛շտ է որ իրավական այս թղթածրարը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, բայց սա մասնակի դատ չէ, դրա իրավատերը մեր եկեղեցին է, Հայաստանն է ու ամբողջ հայությունը: Այս գիտակցությամբ է, որ ուզում ենք մեր ժողովուրդը մոտենա այս դատին: Նաեւ չմոռանանք, որ հսկա աղմուկ հանեց մեր այս դատը թե թուրքական, թե միջազգային շրջանակներում: Մեր ազգային պահանջատիրության առումով որքան այս իրավական քայլը կարեւոր է՝ նույնքան էլ կարեւոր է նրա առաջացրած հակազդեցությունը»,-ընդգծել է Արամ Ա-ն: