Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում մայիսի 18-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է կայացել, որին մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեի գլխավորությամբ, Երեւանում YMCA-ի ներկայացուցիչներ, հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնի, Էսթետիկայի ազգային կենտրոնի անդամներ: (ֆոտոռեպորտաժ)

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հիշատակի արարողության համար Ճապոնիայից լապտերներ են բերվել՝ պատրաստված YMCA Hiroshima կենտրոնի սաների կողից: Ճապոնական հնագույն ավանդույթի համաձայն, մայրամուտից հետո լուսավորված լապտերները ջուրն են իջեցրել: Այդպիսի արարողություն Հայաստանում առաջին անգամ է անցկացվել:

Հայ եւ ճապոնացի երեխաների միջեւ ակտիվ շփումները սկսվել են 2005 թվականին, երբ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների 60-րդ տարելիցի առիթով «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակում հայ երեխաները լապտերներ են պատրաստել եւ ուղարկել Ճապոնիա: Դա հիմք է դրել մի ավանդույթի, որին միացել են նաեւ այլ երկրներ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am