Համազգային հանրաքվեների ժամանակ պետք է ոչ միայն «այո»-ի, այլ նաեւ «ոչ»-ի քարոզչության հնարավորություն լինի: Այս մասին մայիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն մշակել են ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու «Ժառանգություն»-ից նրանց գործընկեր Թեւան Պողոսյանը:

Ներկայում հանրաքվեների ժամանակ հիմնականում «այո»-ի քարոզչություն է անցկացվում, սակայն, ըստ պատգամավորի, շահագրգիռ հասարակական եւ քաղաքական ուժերին պետք է հնարավորություն ընձեռել սեփական կարծիքն արտահայտել: «Իսկ դա նշանակում է, որ տեղական իշխանությունները պետք է տարածք տրամադրեն շահագրգիռ ցանկացած կողմի քարոզչության համար»,- հայտարարեց Մինասյանը:

Նա նաեւ հավելեց, որ քարոզչության ծավալների աջակցության համար, հաշվի առնելով, որ խոսքը հանրապետական հանրաքվեների մասին է, անհրաժեշտ է շուրջ 10 անգամ ավելացնել դրա հիմնադրամի միջոցները: