19-ամյա Արշակ Մարտիրոսյանը, որը մեղադրվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 2 ամսվա կալանքի, որը ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն պայմանականորեն չի կիրառվի։  Նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժամկետով, որի վերահսկողությունը հանձնվեց զորամասի համապատասխան ստորաբաժանման հրամանատարությանը։ Դատարանը Արշակ Մարտիրոսյանի նկատմամբ հրանատարական հսկողությունը վերացրեց։

Այսօր՝ մայիսի 21-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արշակ Վարդանյանի նախագահությամբ նման որոշում կայացրեց՝ կիրառելով արագացված դատավարության կարգ։

Նշենք, որ գործով մեղադրողը՝ Տիգրան Հարությունյանը նման պատիժ էր պահանջել  մեղադրական ճառի ժամանակ՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները։ Որպես մեղմացուցիչ հանգամանքեր մեղադրողը նշել էր Արշակ Մարտրոսյանի անձը բնութագրող հատկանիշները, նրա  նախկինում դատված չլինելը, իր մեղքն ընդունելը եւ այն, որ նա ուսումնառության մեջ է գտնվում եւ ապագա սպա է։

Վերջին խոսքի ժամանակ Արշակ Մարտիրոսյանը մի քանի անգամ կրկնեց, որ զղջում է իր արարքի համար։

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ որդու եւ կուրսանտի միջեւ տեղի ունեցած վեճը սպանության հետ կապ չունի եւ ինքը դեմ է, որ դրա համար կուրսանտը պատժվի:

Նշենք, որ առանձնացված դրվագով մեղադրանք է առաջադրվել միայն կուրսանտ Արշակ Մարտիրոսյանին: Վերջինը, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել եւ քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Արշակ Մարտիրոսյանը հանձնվել է հրամանատարական հսկողությանը։

Հիշեցնենք, որ կուրսանտի սպանության գործով առանձին գործ է հարուցված։ Արշակ Մարտիրոսյանն այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ։