Մոտ ժամանակներս կվերանորոգվի Գյումրիի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որը «Վերջին զանգի» առթիվ այցելել էր Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

«Շիրակը սպորտային մարզ է, եւ բնականաբար մեր բոլորի ուշադրությունը բեւեռված է ավելի շատ Շիրակի վրա: Վերանորոգման հետ կապված ասեմ, որ 2016-2018 թթ. միջնաժամկետ ծրագիրն արդեն պատրաստ է, եւ փաթեթը հանձնվել է քաղաքաշինության նախարարությանը, որ կարողանանք վերանորոգումը սկսել: Առաջնայինն ըմբշամարտի մարզադպրոցն է: Ժամկետ ասել չեմ կարող»,- ասաց նախարարը:

Գյումրի կատարած այցի ընթացքում Գաբրիել Ղազարյանը նաեւ հայտարարեց ներկաներին, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից Եվրոպայի պատանեկան առաջնությունում տարբեր մարզաձեւերում մրցանակային տեղեր շահած 5 պատանիները հնարավորություն կստանան ուսումը շարունակել եւ նեղ մասնագիտական կրթություն ստանալ՝ հետագայում մարզիչ դառնալու ակնկալիքով: