Սյունիք մարզում՝ «Տաթեւեր» ճոպանողու Հալիձոր կայանի հարակից տարածքում այսօր՝ հունիսի 6-ին, մեկնարկել է ավանդական «Ոչխարների խուզում» փառատոնը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փառատոնի տարածքը վաղ առավոտից մարդաշատ է: (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի իրականացրած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը մասնակցում են ծրագրում ընդգրկած 8 համայնքների բնակիչները, որոնցից 9-ը մասնակցում են ոչխարների խուզման մրցույթին: Նրանցից կհաղթի ամենաաարագ եւ ամենաորակով խուզողը:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրածները համապատասխանաբար կստանան ֆոտոխցիկ, բջջային հեռախոս եւ ձեռքի ժամացույց:

IDeA հիմնադրամի համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմինե Իսրայելյանի խոսքով՝ փառատոնի գլխավոր նպատակը զբոսաշրջության միջոցով տարաշածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է. «Երբ գնում ենք որեւէ երկիր, անպայման նայում ենք, թե ինչ փառատոներ են այդ երկրում անցկացվում, որպեսզի այդ օրերին այցելենք: Մենք հուսով ենք, որ այս փառատոնը հայտնի կդառնա: Մենք նպատակ ունենք զբոսաշրջիկների հոսքը խթանել տարածաշրջան, որպեսզի նրանք գան, կանխիկ գումար թողնեն համայնքում եւ հեռանան: Մենք արդեն առաջին արդյունքներն ունենք: Շատ տուրօպերատորներ կան, որոնք հետաքրքրված են, եւ բազմաթիվ տուրիստական խմբեր են այցելում այս օրերին Տաթեւ: Տուրիստական խմբերը եւ այցելուները հյուրընկալվում են B&B հյուրատներում, որոնք հենց տեղի բնակիչներին են պատկանում»:

Փառատոնին 8 համայնքների բնակիչներն տաղավարներով ներկայացրել են իրենց համայնքների կերակրատեսակները եւ արտադրանքը:

Փառատոնին, որն ուղեկցվում  է երգով ու պարով, մասնակցում են նաեւ զբոսաշրջիկներ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր  դեսպան Թյան Էրլուն:

Փառատոնը, որն անցկացվում է արդեն 2-րդ տարին, կազմակերպվում է «Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացում» հիմնադրամների եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: