«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն այսօր՝ հունիսի 13-ին, Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս գալով ցանկացնել իր բողոքը հայտնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության դեմ: Այս մասին NEWS.am-ին ասաց Շահեն Հարությունյանը, որը  ոստիկանության կենտրոնական բաժին բերման երթարկվելուց մոտ մեկ ժամ անց ազատ է արձակվել: 

«Հենց այս խաղադաշտ եմ մտել, որովհետեւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը այս խաղադաշտում էր ու աշխարհի ուշադրությունն ամբողջովին իր վրա էր: Այս առիթը օգտագործեցի հերթական անգամ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ ու մենք պահանջում ենք, որ նրանց ազատ արձակեն»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ ինքը խաղադաշտ է մտել Freedom for Shant Harutyunyan and all political prisoners in Armenia գրությամբ պաստառով:    

Ոստիկանության բաժնի մոտ Շահեն Հարությունյանին էին սպասում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, նրա մայրն ու ընկերները: Նրանք Շահենին ծափերով դիմավորեցին՝ ասելով՝ դու այսօրվա հերոսն ես: 

Նշենք, որ միեւնույն ժամանակ հարեւանությամբ գտնվող մարզադաշտից դուրս էր  գալիս Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման հանդիսատեսը: Նրանցից ոմանք լուսանկարվեցին Շահեն Հարությունյանի հետ: 
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտ է ներխուժել երկրպագու, որին մի փոքր ուշացումով ոստիկանները կարողացել են հեռացնել դաշտից: Երկրպագուն Շահեն Հարությունյանն էր՝ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին, որը խաղադաշտ էր մտել հոր լուսանկարով վերնաշապիկը հագին:

Նշենք, որ արդեն մի քանի օր է քաղբնտարկյալ Շանթ Հարությունյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է իրեն տեղափոխվել առանձին խուց, քանի որ մտահոգություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում: