Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին,  հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։

 «Նրա հետ աշխատում են քննիչները, նա այժմ ցուցմունք է տալիս, պայմանագրային զինծառայող է, սակայն անունը հրապարակել չենք կարող»,– ասաց նա` նշելով, որ այլ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել քննիչները, սպանվածի մարմինը դեռ չեն հեռացրել դեպքի վայրից։ Որոշ տեղեկությունների համաձայն` սպանությանը նախորդել է վիճաբանություն, որին մասնակցել է առնվազն 3 մարդ, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվում։

Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: