Թուրքիայի Բինգյոլ նահանգի Քարլըօվայի շրջանի Թոքլուլար գյուղում գտնվող պատմական հայկական եկեղեցին ավիրվել է գանձագողերի կողմից:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը,  270 տուն և 440 բնակիչ ունեցող Թոքլուլար գյուղի գյուղապետ Ֆեսիհ Քըշլաքչըն նշելով, որ գյուղը նախկինում հայկական բնակավայր է եղել և կրել Թոգուլքըրան անվանումը, «Դողան» գործակալությանը հայտնել է. «Մեր գյուղում հնարավոր է հանդիպել բազմաթիվ պատմական ավերակների: Դժբախտաբար, անգիտակցաբար վնաս են հասցնում այդ բոլոր պատմական հուշարձաններին: Մեր գյուղը մշտապես և բազմիցս ավիրվել է գանձագողերի կողմից: Մեր գյուղ այցելած հայերից բաղկացած խմբերը մեզ հաղորդել են, որ եկեղեցին կոչվում է Ակոս»:

Ըստ աղբյուրի` գյուղացիներից Աբդուրահման Յըլմազը հիշեցնելով, որ եկեղեցու շրջակայքում կառուցված տների հիմքերում եւս հանդիպում են բազմաթիվ պատմական ավերակներ, նշել է. «Հատկապես այս եկեղեցու շրջակայքում կային բազմաթիվ արձաններ, որոնց վրա նկարներ և նշաններ էին արված: Մեր գյուղացիները չգիտեին, թե դրանք ինչ են նշանակում: Սակայն հաճախ այստեղ էին գալիս ինչ-որ անծանոթներ, որոնք գիշերը պեղումներ էին անում եկեղեցում: Եկեղեցին վերածվեց մանուկների խաղահրապարակի: Պետությունը պետք է պահպանության տակ վերցնի այս եկեղեցին: Գյուղում ապրող տարեցներից եւ այստեղ այցելած հայերից իմացանք, որ այս եկեղեցին հայկական է և ունի 800-ամյա պատմություն»: