Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելիս վնասվածքներ ստացած ակտիվիստներից 35-ամյա  Վահրամ Մուշեղյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ընդունարանից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մոտ կասկածում են գանգուղեղային տրավմա, գիտակցություն ուներ, այժմ հետազոտություններ է անցնում (ֆոտոռեպորտաժ):

Նստացույցը ցրելու արդյունքում 8 քաղաքացի էլ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանն ասաց, որ իրենց մոտ հիվանդանոց տեղափոխվածները թեթեւ քերծվածքներ, վնասվածքներ են ստացել: Նրանցից  3-ն արդեն դուրս են գրվել, 5 դեռ հիվանդանոցում է, այսօրվա ընթացքում նրանք եւս դւորս կգրվեն:

Ակտիվիստների ակցիան ցրելու արդյունքում տուժածներից 4 հոգի էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ նրանք ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ գնացել:

Ոստիկանության կողմից ուժ կիրառելու հետեւանով 2 հոգու էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 2 ոստիկան, նրանք ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն:

Ի ղեպ, ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, թե երեկվա բախումների հետեւանքով 7 մարդ դիմել է բուժօգնության համար, նրանցից 3-ը տեղափոխվել է հիվանդանոց:  Նստացույցը ցրելիս 11 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի eu panarmenian.net-ի լրագրողները: Ծեծի են ենթարկվել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանն ու օպերատորԽաչատուր Եսայանը, 1in.am-ի երեք օպերատորները:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: