2006 թ. Հայաստանի Ազգային Ժողովն օրենք ընդունեց՝ «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին»:

Թեեւ ՀՀ կառավարությունը տարբեր առիթներով մշտապես շեշտել է ինովացիաների վրա հիմնված տնտեսության զարգացման անհրաժեշտությունը, սակայն մասնագիտական շրջանակներում կառավարության քայլերը անբավարար են գնահատում։

NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն ասաց, որ Հայաստանում կառավարական շրջանականերում, ընդհանուր առմամբ, ինովացիաների խթանման կարեւորության գիտակցումը կա, սակայն լուրջ ջանքեր է պետք ներդնել իրական արդյունքներ ստանալու համար:

Հերգնյանը մի քանի պատճառներ նշեց, թե ինչու կառավարության, գիտական եւ մասնավոր հատվածի ջանքերը բավարար չեն: «Նախ եւ առաջ այդ ամենը գալիս է նրանից, որ ոլորտի կոորդինացումը բավականին թույլ է, եւ բացի այդ՝ բոլորը գիտակցում են, որ այդտեղ ներդրված միջոցները` ջանքը, մարդկային ռեսուրսները, գումարները եւ այլն, իրենց արդյունքը տալու են ոչ թե միանգամից, այլ երկարաժամկետ հեռանկարում»,-ասաց Հերգնյանը` հավելելով, որ այսօր մենք ավելի շատ զբաղված ենք իրավիճակային խնդիրներ լուծելով, իսկ երկարաժամկետ խնդիրները, կարծես, անընդհատ հետաձգվում են:

Ըստ նրա` Հայաստանում բացակայում է ինովացիաների խթանման հրատապության  գիտակցումը: «Մեզ մոտ չկա այն զգացողությունը, որ այսօր պետք է աշխատել ու վերակենդանացնել ինովացիոն պոտենցիալը եւ դրա հիման վրա նաեւ ինովացիոն սեկտորը, քանի որ ամեն մի կորցրած օր էական կորուստ է, իսկ ինովացիոն սեկտորը պետք է ստեղծենք մեր ունեցած ակտիվների եւ ժառանգության հիման վրա` որն արագորեն մաշվում է»,-ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարը: Նրա խոսքով` այդ պոտենցիալը ստեղծելու համար պիտանի ռեսուրսների մի մասը ժառանգված է Խորհրդային Միությունից, սակայն այն արագ տեմպերով ձգտում է զրոյի:

«Եթե այսպես շարունակվի, 5 կամ մաքսիմում 10 տարի անց մենք ստիպված  կլինենք ամեն ինչ ստեղծել զրոյից, եւ յուրաքանչյուր կորցրած օր մեզ տանում է դեպի զրո մակարդակ, այնպես որ կարելի է ասել, որ այդ հրատապության զգացողությունը թերեւս ամենակարեւոր խնդիրն է»,- ասաց Հերգնյանը:

Վերջում Հերգնյանը նշեց, որ Հայաստանում ինովացիաների խթանման իրական ջանքերի պակասությունը պայմանավորված է նաեւ համապատասխան պետական կառավարման համակարգի իներցիոնությամբ: «Ընդհանրապես համարյա բոլոր երկրներում պետական կառավարման համակարգը շատ իներցիոն է, եւ այս ոլորտի զարգացումը մեծապես կախված է դինամիկ մասնավոր հատվածի եւ գիտության եւ գործարարության արդյունավետ կապերի ստեղծումից»,-ամփոփեց նա: