Գյումրիում հարյուրավոր երիտասարդներ՝ ի աջակցություն Երեւանում ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի դուրս են եկել փողոց եւ Թատերական հրապարակից երթով շարժվում են դեպի Կենտրոնական հրապարակ: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:
Երիտասարդները վանկարկում են «ամոթ» եւ իրենց հետ բերել են «Ոչ մի թանկացում», «Ոչ թալանին» գրությամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով կանգ առան Գյումրիի Յոթ վերք եկեղեցում մոտ, բարձրաձայն արտասանեցին «Հայր մեր» տերունական աղոթքը, ապա շարունակեցին երթը:
Գյումրիում ակցիայի մասնակիցները հնարավոր է` այսօր Կենտրոնական հրապարակում նստացույց անեն:
Նշենք, որ այսօր առավոտյան Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ավելի ուշ նրանք բոլորը ազատ են արձակվել: Բերման ենթարկվածներից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: