Ոստիկանությունը մինչեւ 10.00-ն կհամբերի, որից հետո կդիմի գործողությունների: Այս մասին, քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երեւանի ոստիկանապետը Աշոտ Կարապետյանը: Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, նա չմանրամասնեց, միայն ասաց, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ եւ ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը:

Այս ընթացքում հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը զրուցում են ցուցարարների հետ եւ առաջարկում են մարտավարություն մշակել, հասկանալ՝ ինչ են ուզում եւ բանակցությունների քնալ իշխանությունների հետ:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվում է, քաղաքացիները հայտարարում են, որ շարունակելու են պայքարը մինչեւ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման կասեցումը եւ այլ որեւէ նպատակ չեն հետապնդում:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակցում են նաեւ պատգամավորներ, մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: