Երեւանի Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին առավոտյան ցուցարարների նկատմամբ ուժ չի կիրառվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին վստահեցրեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մենք ուժ չենք կիրառել, շատ թեթեւ ենք եղել: Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը»,- ասաց ոստիկանապետը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 23-ին առավոտյան 05:30-ի սահմաններում ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է ցույցի մասնակիցներին: Այդ օրը 237 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչներ: Ցուցարարների մի մասը մարմնական վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,9 դրամը։

Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները: