«Ոչ թալանին» նախաձեռնությունը տեխնիկական պատճառներով դադարեցվել է երեկ հայտարարված անժամկետ նստացույցը Ազատության հրապարակում։ 

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողներին ասել է, թե իրենք այսօր տեխնիկական պատճառներով հետաձգում են նստացույցը, իսկ հունիսի 30-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը մամուլի ասուլիս կտա եւ կներկայացնի իրենց հետագա գործողությունների ծրագիրը։ Չի բացառվում, որ որոշակի փոփոխություններ լինեն նախաձեռնության ղեկավար կազմում։ 

Մաքսիմ Սարգսյանի խոսքով, նախաձեռնության անդամների մի մասը կլինի Բաղրամյան պողոտայում, սակայն «Ոլ թալանինն» այլեւս չի համակարգելու բողոքի գործողությունները պողոտայում։ 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: