ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` դիտարկելու  սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի  արդյունքները:

Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ եղել է Մարմարաշեն համայնքի բնակիչ Կարեն Արշակյանի տնտեսությունում: 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Թամարա Ֆրութ» ընկերության հետ կնքված եռակողմ պայմանագրով ֆերմերը 3 հեկտար ազնվամորու օրգանիկ տնկարկ է հիմնել, անցկացրել է կաթիլային ոռոգման համակարգ:  Այժմ բերքատվությունից գոհ է, մեկ հեկտարից մոտ 1,5 տոննա ազնվամորի է ստանում, «Թամարա Ֆրութի» հետ բերքի մթերման 8 տարվա պայմանագիր ունի: Նախարարը գյուղատնտեսին հորդորել է ավելացնել ազնվամորու մշակության տարածքները: Կարեն Արշակյանը նաև ջայլամաբուծությամբ է զբաղվում:

Նույն համայնքի  ֆերմեր Ալեքսան Մարկոսյանը ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շահառուներից է, որին այս տարի հատկացվել է 2,1 տոննա աշնանացան ցորենի «վարսա» սորտի էլիտային վերարտադրության սերմացու:  Ստացված սերմացուի հաշվին ֆերմերն այս տարի մոտ 7 հեկտարի վրա ցանք է կատարել,  բերքից գոհ է, մեկ հեկտարից շուրջ 8 տոննա բերք է ակնկալում:

Նախարար Սերգո Կարապետյանը  ցորենի ցանքատարածություններում շրջելուց հետո այցելել  է «Գյումրիի սելեկցիոն կայան»: Տնօրեն Ռուբիկ Կարախանյանի տեղեկացմամբ այստեղ 170 հեկտար տարածքի վրա հացահատիկային մշակաբույսներ են աճեցվում, որից 95 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, իսկ 75-ը գարնանացան գարու ցանքատարածությունները: Օգտագործվում են ինչպես տեղական, այնպես էլ ներկրված սորտեր: «Գյումրիի սելեկցիոն կայանի» տնօրենի հավաստմամբ` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ 20-25 տոկոսով ավել կլինի բերքատվությունը. նախարարի պահանջն է գյուղացիական տնտեսություններին ապահովել բարձր վերարտադրության, որակյալ սերմացուներով:

Զանգվածային լրատվության միջոցների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել ծրագրերի արդյունքներից` շեշտելով, որ այս տարի ցորենի ցանքատարածություններից  բարձր երաշխավորված բերք է սպասվում:

«Իրականացվող ծրագրերի շնորհիվ մենք կարողանում ենք նաև երկրում  պարենային անվտանգության խնդիր լուծել. եթե ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում  2010 թվականին 33 % էր կազմում, ապա 2014 թվականին  այդ ցուցանիշը հասավ 52%-ի, իսկ արդեն  2020 թվականին մենք նպատակ ունենք 65% ինքնաբավություն ապահովել»,-իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը: 

Նախարարի խոսքով`  հանրապետությունում մշակվող հողատարածությունները 2010 թվականին կազմում էին 62%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 74%-ի: Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում արդեն լրացուցիչ մշակվել է մոտ 17 300 հեկտար հող, և դրանով իսկ ընդհանուր վարելահողերի տարածքը հասել է 78%-ի, ընդ որում Շիրակի մարզում մշակվում է ընդհանուր ցանքատարածությունների 84 %-ը, որը լավ ցուցանիշ է: