Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցի առիթով՝ նշելով, որ հունիսի 22-ին անօրինական երթ է կազմակերպվել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային եւ հետիոտնային երթեւեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածվել է անժամկետ նստացույցի: Հաղորդագրության համաձայն, հավաքների ազատության իրավունքը, նախ եւ առաջ, չունի եւ չի կարող ունենալ բացարձակ բնույթ, եւ ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել՝ ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթեւեկության ապահովման:

«Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը կարեւորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաեւ հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով եւ ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով եւ առաջացրած հետեւանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները եւ հանրության շահերը:

Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին դրսեւորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը եւ ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տեւող արգելափակումը: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին.

- Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,

- ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:

Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաեւ, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսեւորման եւ փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»,- մասնավորապես ասված է Ոստիկանության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց նստացույցը, բերման ենթարկեց 237 քաղաքացու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվեց:

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, սակայն մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հավելենք նաեւ, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոքի ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ-ի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց, 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ը թանկացնել 17 դրամով: