Բաղրամյան պողոտայում հունիսի 30-ին հացադուլ հայտարարած  ցուցարարներ Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը քիչ առաջ դադարեցրել են հացադուլը, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նստացույցի համակարգողներից, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

«Տղաները դադարեցրին հացադուլը, եթե չդադարեցնեին կարող էին լուրջ խնդիրներ ունենալ: Նրանց քիչ առաջ հիվանդանոց տեղափոխեցին»,- ասաց Սանասարյանը:

Նշենք, որ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Պարիկյանը հունիսի 30-ին անժամկետ հացադուլ էին հայտարարել: Նրանք գիշերում էին Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: