Ազատության հրապարակում այսօր՝ հուլիսի 9-ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հրավիրված հանրահավաքն ավարտվեց առանց երթի: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքը նախաձեռնած ցուցարարները դադարեցրել են նաեւ ի նշան բողոքի հայտարարված նստացույցը: Նրանք պատրաստվում են առաջիկայում ասուլիսներ տալ, իրազեկման ակցիաներ եւ երթեր անցկացնել:

Շարժումը համակարգող խմբի անդամները առաջիկայում նաեւ հանրահավաք են նախատեսում, որի որի օրը դեռեւս չեն հստակեցրել:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք էին հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր էր երթ:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ: