Օգոստոսի 16-ին Բաքվում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ժամանման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների «տետ-ա-տետ» հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը: «Հանդիպման ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկու երկրների բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Նաեւ վստահություն են հայտնել այդ հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Պետության ղեկավարները, խոսելով փոխադարձ այցելությունների կարեւորության մասին, նշել են, որ Թուրքիայի նախագահի այցելությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող, կրոնական եւ միջազգային խնդիրներ»,-նշվում է մամուլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Գյուլն Ադրբեջան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: