Սպառողների վստահության ցուցանիշը գրանցել է 41.2 արժեք` վերադառնալով 2014թ. չորրորդ եռամսյակի մակարդակին:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում, աճը պայմանավորվել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 եւ տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով:

Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի եւ ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով: Մյուս կողմից, աճ է արձանագրվել գալիք եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով:

Նշենք, որ 2015թ. երկրորդ եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1803 տնային տնտեսություն` Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններից եւ ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին եւ սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է հունիս ամսվա ընթացքում: