NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ Թուրքիայում ընթացող զարգացումների մասին:

Թուրքիայում, որոշ վերլուծաբանների կարծիքով` պատերազմ է: Սուրուչում տեղի ունեցած արյունահեղությունից հետո, Անկարան ռազմական գործողություններ  է սկսել քրդերի դեմ, որը տարածվում է ոչ միայն իր տարածքի քրդական հատվածի, այլեւ հարեւան պետություններում` Սիրիայում եւ Իրաքում բնակվող նրանց հայրենակիցների վրա: Ինչո՞վ  են պայմանավորված դեպքերի նման զարգացումները եւ ի՞նչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ Մեծ Մերձավոր Արեւելքի քաղաքական իրավիճակի վրա:

Հարցն իր մեջ պարունակում է երկու պատասխան`  կապված Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության հետ: Խորհրդային Միության փլուզման հետեւանքով առաջացած միաբեւեռ աշխարհակարգի պայմաններում Օսմանյան կայսրության ռեիկարնացիայի անհաջող փորձերը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ արաբական աշխարհի լիդեր դառնալու ամբիցիոզ ծրագրերի տապալումը խորապես ֆրուստրացրեցին  նյուօսմանյան դոկտրինայի հեղինակներին: Թուրքիան ոչ միայն ձախողվեց Սիրիայի վարչակարգի տապալման, Եգիպտոսի, Իսրայելի մյուս հարեւանների հետ իր հարաբերություններում, այլեւ որպես ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի ֆորպոստ, սկսեց թուլացնել իր դիրքերը, որում որոշակի դեր են խաղում Վաշինգտոնի հետ, մեղմ ասած, զուսպ հարաբերությունները: Սակայն արտաքին քաղաքականության գետնի վրա Թուրքիային ամենաանհանգստացնողն Իրանի տարածաշրջանային գերտերություն դառնալու եւ Միացյալ Նահանգների համար Թուրքիային փոխարինելու ռեալ հեռանկարն է:

Իսկ ի՞նչ դեր է խաղում Իսլամական պետությունը (ԻԼԻՊ) Թուրքիայի արտաքին քաղաքականությունում եւ ինչպե՞ս են զարգանում նրա հարաբերությունները ահաբեկիչների հետ:

Ես կասեի ոչ վատ եւ ծրագրավորված: Անկարան աշխարհի առջեւ հանդես է գալիս իբր ԻԼԻՊ-ի դեմ պայքարող պետություն, սակայն իրականում նա քիչ ջանք ու եռանդ չի խնայում Իսլամական պետության կայացման եւ հզորացման համար: Նրա տարածքից են ահաբեկիչները սնվում ռազմատեխնիկական, նյութական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների առումով: Թուրքիայի հարավում գործում են ահաբեկիչների ճամբարները նրանց մարզումների, հանգստի եւ բուժման համար:

Սակայն, հավանաբար, Թուրքիան դրանից ունի նաեւ իր օգուտները, այդպես չէ՞:

Իհարկե ունի: ԻԼԻՊ-ի Իրաքում հափշտակած նավթը, ինչպես նաեւ արվեստի արժեքները արտասահման են արտահանվում Թուրքիայի միջոցով եւ իրացվում տարբեր երկրներում: Գողացված նավթի մեկ բարելի դեմպինգային գինը տատանվում է 20-25 դոլարի սահմաններում:

Բայց չէ՞ որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է, իսկ Վաշինգտոնը գլխավորում է կոալիցիոն ուժերի պայքարն ԻԼԻՊ-ի դեմ: Ինչպե՞ս է դա կոչվում դիվանագիտության մեջ:

Դա տարբեր կերպ են կոչում, բայց հաճախ` «կրկնակի հաշվապահություն»: Այստեղ եւ՛Վաշինգտոնի, եւ՛Անկարայի կողմից կրկնակի խաղ է գնում: ԱՄՆ-ին միայն վերջերս հաջողվեց համոզել Անկարային, որպեսզի նա թույլատրի կոալիցիոն ուժերին օգտագործելու Ինջիրլիքի ռազմաօդային բազան ԻԼԻՊ-ի դեմ օդային ռեյդեր կազմակերպելու համար: Սակայն թուրքերը թուրքեր չէին լինի, եթե առիթը բաց թողնեին ու քեռի «Սեմից» մի բան չպոկեին: Նրանք պայման դրեցին, որ այդ թույլտվության դիմաց ամերիկացիները թուրքերին «հանձնեն» Հյուսիսային Սիրիայի 50 կիլոմետրանոց բուֆերային գոտին, որն, ի դեպ, խիտ բնակեցված է հայերով եւ սիրիական քրդերով:

Դուք սկզբում նշեցիք, որ թուրքական իրադարձություններում մեծ է ներքաղաքական գործոնի դերը:Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ասել, թե ինչը նկատի ունեք:

Ես նկատի ունեմ քրդական բաղադրյալը, որն առաջնային նշանակություն ունի Թուրքիայի ապագայի համար: Թեեւ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ քրդական հարց գոյություն չունի, հատկապես ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի կողմից արված այն հայտարարության կապակցությամբ, թե նրա գլխավորած Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) դադարում է իշխանությունների դեմ պայքարել, սակայն քրդական հարցը կա եւ մնում է ներկա Թուրքիայի համար 1 խնդիրը, որն ավելի սրվեց վերջերս տեղի ունեցած ընտրություններից եւ պառլամենտում քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ստացած 80 մանդատից հետո: Իսկ Սուրուչի ահաբեկչությունը, ես չեմ բացառում, որ կազմակերպված լինի թուրքական հատուկ ծառայությունների կողմից, քրդերի դեմ զանգվածային գործողություններ սկսելու նպատակով, երկրի ներսում  եւ նրա սահմաններից անդին: Այսօր, ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ծխածածկույթի տակ, թուրքական F-1 ինքնաթիռներն ակտիվորեն ռմբակոծում են Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզը, որտեղ տեղակայված են ԻԼԻՊ-ի դեմ կռվող Մասուդ Բարզանիի ջոկատները:

Որքանո՞վ են իրատեսական քրդական պետության ստեղծման կանխատեսումները:

Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք զարգացումների այն բուռն դինամիկան, որն այսօր հատուկ է միջազգային հարաբերություններին:

Քրդական շարժման հարցում հետաքրքիր է Միացյալ Նահանգների բռնած գիծը: Նրանք սերտորեն համագործակցում են Իրաքի քրդերի հետ, ինչը վերջին հաշվով, կարող է նպաստել քրդական պետության կազմավորման գործին: Այնպես որ գուշակելի ապագայում, իմ կարծիքով, բացառված չէ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի բարեկամ եւ դրածո քրդական պետության առաջացումը, որը Վաշինգտոնի ձեռքին կարող է դառնալ նաեւ զսպաշապիկ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական նկրտումների չափավորման համար:

Իսկ Ռուսաստանը կմասնակցի՞այդ զարգացումներին:

Ռուսաստանն` ունենալով նախկինում ավելի սերտ հարաբերություններ քրդական շարժման հետ, քան ԱՄՆ-ը, ներկայումս ձեռնպահ է մնում նրա հետ հարաբերությունների զարգացումից: Դա բացատրվում է ուկրաինական թնջուկում Ռուսաստանի խճճվածությամբ եւ Արեւմուտքի հետ լրացուցիչ առճակատումից խուսափելու նրա ցանկությամբ: Թե ինչպիսին կլինեն դեպքերի զարգացումները, ցույց կտա ժամանակը:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը քրդական շարժման հարցում: ԱԳՆ-ն պետք է հանդես գա լուռ դիտորդի դերո՞ւմ, թե՞ նա խնդիրներ ունի լուծելու, հատկապես նկատի ունենալով դեպքերի զարգացումը եւ հայկական շահերի պաշտպանությունը թուրք-քրդական հարաբերությունների զարգացման դինամիկայում:

Նախ, մենք պետք է մեկնակետ ընդունենք Սեւրի պայմանագրի 62, 63, 64 կետերը որպես հայերին եւ քրդերին «միավորող իրավական փաստաթուղթ, որտեղ հստակ  գրված է ու գծված, որ Հայաստանից հարավ ընկած է  Քուրդիստանը, որն ունի իր հստակ սահմանները»:

Եթե մենք ենթադրելու լինենք, որ Մեծ Քուրդիստանի կազմավորման հարցը ուտոպիա չէ եւ գուշակելի ապագայում քարտեզի վրա կարող է հայտնվել 40 միլիոնանոց տերություն, ապա հիմիկվանից հարկ է բանակցել քրդերի հետ հայ-քրդական ավտոնոմ հանրապետություն (կոնդոմինիում) ստեղծելու ուղղությամբ:

Միամտություն կլիներ կարծել, որ եթե Մեծ Քուրդիստանը կայանա, ապա քրդերը հիշեն հայկական կորցված հողերը, որում նրանց դերակատարությունն ամենեւին էլ վերջինը չի եղել: Իսկ եթե Թուրքիան երբեւիցե կանգնելու լինի տարածքային զիջումների անխուսափելիության առջեւ, ապա անպայմանորեն նախապատվությունը կտա Հայաստանին, այլ ոչ թե քրդերին` նկատի ունենալով վերջիններիս բազմաքանակությունը, ագրեսիվությունը եւ քաղաքական ախորժակները:

Հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի հայ-թուրք-քուրդ եռանկյունում ճիշտ եւ հմուտ մանեւրելը: Պարադոքսալ կարող է հնչել, սակայն սա, ըստ երեւույթին, այն հազվագյուտ դեպքն է, երբ Հայաստանի եւ Թուրքիայի շահերը կարող են համընկնել: