Oգոստոսի 17-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի եւ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, առեւտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրեց երկու հանգամանք երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման նպատակով առեւտրի ռեժիմների վերանայման նշանակությունը եւ փոխադարձ ներդրումներին պետական աջակցության կարեւորությունը՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության եւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հանգամանքները:

Իր հերթին փոխնախարար Աֆխամին նշեց, որ ստեղծված նոր պայմաններում Իրանը շահագրգռված է զարգացնելու իր տնտեսական հարաբերությունները` առաջին հերթին հարեւան երկրների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: