«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մասնակցում է «CLEEN-2015» (Էներգաարդյունավետություն. ոլորտի ՀԿ կոալիցիայի ստեղծում) ծրագրին: Ծրագրի նպատակն է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին ապահովել էներգախնայողության եւ էներգետիկ քաղաքականության ձեւավորման մասին անհրաժեշտ գիտելիքներով, բարձրացնել նրանց մասնակցությունը որոշումների կայացման եւ քաղաքական երկխոսության գործընթացում, ինչպես նաեւ մոնիտորինգների միջոցով վերահսկել կառավարության գործողությունները:

Հայաստանի էներգատարությունը մոտ 2,6 անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշների համեմատ: Հայասատանն ունի վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների բազում ռեսուրսներ եւ շենքերում էներգախնայողություն ապահովելու չօգտագործված պոտենցիալ, սակայն «CLEEN-2015» ծրագրի շրջանակում «Եղվարդ»  երիտասարդական-բնապահպանական ՀԿ կողմից իրականացված հարցումների տվյալներով՝ մեծամասնությունը որպես ջեռուցման միջոց է նշել գազը, 50 տնային տնտեսությունից 17-ը (Ախուրյան համայնքում)՝ փայտը: Հարցված տնային տնտեսություններից ոչ մեկը որպես միջոց չի նշել վերականգնվող էներգիան, որն արտադրվում է բնական ռեսուրսներից, ինչպիսիք են արեւի լույսը, քամին, ջուրը, կենսազանգվածը եւ երկրաջերմային էներգիան:

Ծրագրի ղեկավար Լեւոն Իգիթյանի խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը նախատեսված է իրականացնել 4 սեմինար-դասընթաց: Այս փուլն ամբողջովին միտված է 4 երկրներում ՀԿ-ների միջեւ տարածքային համագործակցության ցանց ստեղծելուն: «Մենք կարեւորում ենք ծրագրի նշանակությունը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գները օր-օրի բարձրանում են, իսկ էներգաարդյունավետությունը որեւէ արդյունաբերական ճյուղում պարզապես նշանակում է արտադրել նույն արտադրանքը ավելի քիչ էներգիա ծախսելով կամ արտադրել ավելի շատ արտադրանք նույն էներգիան ծախսելով: Արդյունքում, մեկ միավոր արտադրանք թողարկելու համար պահանջվող էներգիան նվազում է, ինչը հանգեցնում է դրամի խնայմանը»:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից՝ Երիտասարդական ակումբների դաշնության, Ախալցխայի «Համայնքային սոցիալական զարգացման կենտրոն» ՀԿ եւ Եվրոպայի կանայք հանուն ապագայի (WECF) աջակցությամբ:

Ծրագրի գործընկերներն են «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Ախուրյան երիտասարդական ՀԿ, «Տապան» էկո-ակումբը: