Ամստերդամից Փարիզ ուղեւորվող արագընթաց գնացքում Սորբոնի դասախոս Մարկ Մուգալյանը մի կողմ է հրել հանցագործի զենքը:

Ինչպես հաղորդում է բրիտանական «The Telegraph»-ը, միջադեպի պահին 51-ամյա Մուգալյանը կարողացել է վնասազերծել հանցագործին, բայց վերջինս ատրճանակ է հանել ու կրակել նրա վզին:

Քրոջ խոսքով, դասախոսը փորձում էր պաշտպանել կնոջը` Իզաբելին, որը եւս գնացքում էր:

Մարկ Մուգալյանը Սորբոնում անգլերեն է դասավանդում, ապրում է Փարիզում, բայց ծնունդով ամերիկյան Վիրջինիա նահանգից է:

Կնոջ խոսքով, նա այժմ հիվանդանոցում է, բայց նրա վիճակը կայունացել է:

Հիշեցնենք, որ մարոկկացին Ամստերդամից Փարիզ ուղեւորվող արագընթաց Thalys գնացքում կրակ էր բացել: Երեք մարդ է տուժել: Ուղեւորներին հաջողվել է վնասազերծել չարամիտին: Վերոհիշյալ ուղեւորների մեջ նաև ամերիկացի զինվորականներ են եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չարամիտին վնասազերծել են ամերիկացի զինվորականներն ու մի բրիտանացի:

Այսօր` օգոստոսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պատվո լեգեոնի սպայական շքանշաններ (Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւները) է հանձնել ԱՄՆ-ի երեք քաղաքացու եւ այն բրիտանացուն, որոնք վնասազերծել էին չարամիտին, որը կրակ էր բացել Thalys գնացքում:

Պատվո լեգեոնի սպայական շքանշաններով պարգեւատրվել են ամերիկացիներ 23-ամյա Սպենսեր Սթոունը (Spencer Stone), 22-ամյա Ալեք Սկառլատոսը (Alek Skarlatos),  23-ամյա Էնթընի Սադլերը (Anthony Sadler) եւ 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը (Chris Norman):

Թերթի տվյալներով, Մարկ Մուգալյանը եւս պարգեւատրվելու է: