Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից, որտեղ Վարդան Պետրոսյանը մինչեւ հիմա կրում էր պատիժը, դերասանն այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։

NEWS.am–ը նկարահանել է Վարդան Պետրոսյանի առաջին րոպեները ազատության մեջ` ՔԿՀ–ից դուրս գալիս։ Մեր թղթակցի հարցերին դերասանը հրաժարվեց պատասխանել` նշելով, միայն, որ իրեն լավ է զգում, եւ հարցերին կպատասխանի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: Վճռաբեկը մերժել էր վարույթ ընդունել Հակոբյանների փաստաբանի հայցը: