«Ժառանգությունը» դեմ է Սահմանադրական բարեփոխումներին, որովհետեւ սա արվում է Հայաստանում կուսակցապետություն հաստատելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մի քանի օր առաջ է Հայաստան վերադարձել:

«Թունավոր ծառը բարի պտուղ չի կարող տալ: Այս փոփոխությունները նպատակ ունեն ծխածածկույթի՝ խորհրդարանական կառավարման համակարգ անվան տակ,  բառի բուն իմաստով կերտել կուսակցապետություն, եւ «Ժառանգությունը» դեմ է դրան»,- ասաց կուսակցության առաջնորդը՝ նշելով, որ այս կերպ հայ ժողովրդին ստրկացնելու է կուսակցությունը, ոչ թե անձը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ստեղծել ժամանակավոր իշխանությունը, որը կկարողանա վերջին 20 տարվա ընթացքում առաջին անդամ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ:

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» հրաժարվել էր հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումները: