Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հարցին:

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդեն սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի եւս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65.000 անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ եւ այլն:

Արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու եւ դրանց թափանցիկությունն ապահովելու համար, հարցին փոխնախարարը պատասխանել է. «Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչեւ  9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչեւ 250 մարտական տանկեր կամ մինչեւ 500 ՄԶՄ-ներ կամ մինչեւ 250  ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր եւ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ /100 մմ եւ ավելի տրամաչափի/ որեւէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ»:

Ըստ Տոնոյանի, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: «Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ամփոփել է փոխնախարարը: