Լոռու մարզի Կուրթան գյուղում նախօրեին ձերբակալել են օգոստոսի 28-ին սպանված 16-ամյա երիտասարդի հորը:

NEWS.am-ին Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը հայտնեց, որ սպանված Վարդան Գեւորգյանի հայրը ձերբակալվել է, քանի որ կոտրել է որդու սպանության մեջ մեղադրվողի տան պատուհանները:

«Ոչ սթափ վիճակում է եղել, հուզվել է եւ գնացել տան ապակիները կոտրել, իսկ տունն ինքը չի վառել»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:

Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում: