ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայերի կոտորածների ժամանակ զոհված հայերի հարազատներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» օրաթերթը:

Ընդ որում, որպես այս որոշման հիմնավորում Կալիֆորնիայի դաշնային 8-րդ վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ օրենքը «հակասահմանադրական կերպով միջամտում էր երկրի արտաքին քաղաքականությանը»: «Zaman»-ի ներկայացմամբ, ամերիկաբնակ հայերի գրեթե կեսն ապրում է Կալիֆորնիայում, որտեղ հայկական լոբբին բավականին ազդեցիկ է, ինչի արդյունքում էլ Կալիֆորնիայի դաշնային իշխանություններն ընդունել են 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը և համապատասխան օրենք սահմանել:

Թերթը նշում է նաեւ, որ հայերն արդեն հայտարարել են դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու իրենց որոշման մասին: «Դատարանի այս որոշումն անարդար է: Սա, կարելի է ասել, աղետ է: Փաստորեն Վերաքննիչ դատարանն այդ կերպ հակաօրինական է համարում Կալիֆորնիայի իշխանությունների օգտագործած ցեղասպանություն բառը»,- ընդգծել է այս գործով փաստաբաններից Բրայան Քաբաթեքը: