Ամերիկացի կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց եւ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված նամակը, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականները նամակում խնդրում են ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն ապահովել, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ագրեսիայի դեմ կեղծ ազնվության քաղաքականություն վարելուց։ Նրանց խոսքով՝ ագրեսիայի նոր դրսեւորմանը ԵԱՀԿ եւ ԱՄՆ արձագանքի պրակտիկան, այն է՝ կողմերին կոչ ենք անում բռնություն չկիրառել, չի հանգեցրել լարվածության թուլացմանը, այլ ընդհակառակը, իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել։

Քաղաքական  գործիչները երեք կոնկրետ քայլ են առաջարկում, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Անհրաժեշտ է ստանալ կողմերի համաձայնությունը՝ շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու, հրաձգային լոկատորների եւ ձայնային սարքավորումների առաջավոր համակարգեր տեղակայելու (շփման գծում գրոհի աղբյուրը պարզելու համար) եւ ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ ներգրավելու հարցում։