Եգիպտոսի ամենամեծ 2 քաղաքական կուսակցությունները,  որոնք արդեն հայտարարել են, որ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, Եգիպտոսում նոր ընտրություններից հետո խորհրդարանում կբարձրացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ ասաց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:

«Քաղաքական 2 մեծ կուսակցությունների միջոցով Հայ դատի հանձնախումբը փորձելու է նոր խորհրդարան մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հանձնախումբն աշխատեց, որպեսզի Եգիպտոսը ընդունի Հայոց ցեղասպանությունը, բայց երեւի դեռ պահը չի եկել: Սակայն, կարծում եմ, որ Եգիպտոսն համարյա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ 1915թ. բազմաթիվ հայ գաղթականներ է ընդունել»,-ասաց Մազլումյանը:

Եգիպտոսի հայ դատի հանձնախմբի անդամը կարեւորեց եգիպտացիներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու հարցը, քանի որ ադրբեջանցիները եւ թուրքերը ցեղասպանության վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում:

«Կարեւոր է ցեղասպանության մասին եգիպտացիներին իրազեկելու հարցը, այդ պատճառով էլ Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին 100-ից ավելի հոդվածներ են լույս տեսել, ավելի քան 40 հեռուստահաղորդումներ են եթեր գնացել, եւ վավերագրական ֆիլմեր են պատրաստվել ցեղասպանության մասին, նկարահանվել է նաեւ մեկ ժամանոց  «Ո՞վ սպանեց հայությանը» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը արաբ է»,-ասաց Մազլումյանը:

Արմեն Մազլումյանը նշեց, որ Եգիպտոսում կարեւոր  խնդիրներից է հայ համանքի, հայկական դպրոցների ու մշակութային կենտրոնների պահպանման հարցը:

«Հայ համայնքը կրոնական խնդիր ընդհանրապես չունի Եգիպտոսում, հիմնական խնդիրները հայկական դպրոցների, մշակույթի  հայ համայնքի պահպանման հարցն է, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց Արմեն Մազլումյան: