Սեպտեմբերի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /16 արկ/, 82 /28 արկ/, եւ 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ եւ ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TR-107 /12 արկ/ տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաեւ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: