Արարատի մարզի Ավշար գյուղում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով նախօրեին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը։ 

Հոգեհանգստին ներկա էին Հայաստանի զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասի հրամանատարական կազմը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որը Հարութ Հակոբյանի համագյուղացին է, հարազատներ, ընկերներ եւ հարեւաներ։

«Շարքային Հակոբյանը պարկեշտ, ազնիվ եւ ճշտապահ զինծառայող էր։ Հրամանատարների կողմից տրված խնդիրները կատարել է ճիշտ եւ ժամանակին։ Միշտ հարգվել է հրամանատարության եւ ընկերների կողմից։ Իր լավ ծառայությամբ օրինակ է եղել բոլորի համար։ Պատրստ է եղել թեկուզ կյանքի գնով հայրենիքի պաշտպանության համար կատարել ցանկացած խնդիր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց մայոր Զոհրաբ Մկրտչյանը։

Ընկերների եւ հարեւանների խոսքով՝ Հարութ Հակոբյանը մարդասեր եւ ընկերասեր էր, ընկերների համար ամեն ինչի պատրաստ էր։

Հարութ Հակոբյանի մարմինը հողին կհանձնեն վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի գերեզմանատանը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հարութ Հակոբյանը ապրում էր մոր, ավագ քրոջ ու եղբոր հետ, հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Մայրը հողագործությամբ է զբաղվում:

Հարութ Հակոբյանը բանակ էր զորակոչվել 2015 թվականի հուլիսի 3-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: