Գառնու հանրահայտ «քարերի սիմֆոնիայի» պահպանությունը կրկին վտանգված է: Մի քանի տարի առաջ էլ մամուլում հատնվեցին հրապարակումներ, որ հուշարձանի քարերը պոկում են ու վաճառում: Այդ ժամանակ հնչում էր հանրահայտ մի շարք մարդկանց անունը, ովքեր հենց հուշարձանի քարերն էին օգտագործել իրենց ամառանոցը կառուցելու համար: Հայաստանի բնական հուշարձանների ցանկում ներառված այս հուշարձանն էլ գուցե անհետանա, եթե շատերի ագահությունը չափ ու սահման չճանաչի, ու գերատեսչությունների հանցավոր անտարբերությունը շարունակվի:

Առանց համապատասխան փաստաթղթերի հուշարձանի շրջակայքում մարդիկ փող են աշխատում: Գառնու ձոր ժամանած զբոսաշրջիկներին պարտադիր առաջարկում են հիանալ «Քարերի սիմֆոնիայի» հրաշալի տեսարանով, սակայն միայն համապատասխան գումարի պարագայում: «Էկոլուրի» փոխանցմամբ՝ եթե գումար չեն վճարում, «տոմսեր» վաճառող պապիկն ու իր «թիկնազորն» արգելում են ճանապարհը շարունակել:

Սակայն միայն անօրինական զբոսաշրջությամբ հուշարձանի խնդիրները չեն սահմանափակվում:

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի ներկայացմամբ՝ 2007 թ. բնական հուշարձանի մասնատումն այսօր էլ շարունակվում է եւ քարերը վաճառում են: «Մեքենաները քարը բերում են Արտաշատ, որտեղ ծաղկում է «քարի բիզնեսը»: Նման մեկ քարն արժե 300 դրամ: Քարերն օգտագործում են բարձրաստիճան պաշտոնյաները....Պահանջում ենք իրավապահ մարմիններից` բացահայտել ու պատժել բարբարոսության հեղինակներին: Պահանջում ենք պատասխանել, թե ինչու մինչեւ օրս չկա պահակակետ: Պահանջում ենք սահմանել հատուկ կարգ` հուշարձանի պահպանման համար», սա մի հատված է բնապահպանության նախարարությանն ուղարկած Մարիամ Սուխուդյանի դիմում-նամակից: